ՍՈՒՐԲ ՇՈՂԱԿԱԹ ԵԿԵՂԵՑԻ


ՍՈՒՐԲ ՇՈՂԱԿԱԹ ԵԿԵՂԵՑԻ

Սբ. Շողակաթ եկեղեցին փոքր ծավալի, բայց ճարտարապետական գեղեցիկ հուշարձան է:
Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:
Այն Էջմիածնի ճարտարապետական համալիրի ամենանոր կառույցն է: Կառուցվել է 1694թ-ին իշխան Աղամալ Շոռոթեցու կողմից Հռիփսիմե վանքի արևմտյան մասում:
Ըստ ավանդույթի հիմնադրվել է այն վայրում, ուր հռիփսիմյան նահատակ կույսերի վրա «Շող է կաթել»:
Արևմուտքից կից է գավիթը` պսակված զանգակատան ութասյան ռոտոնդայով: Ունի մուտքեր արևելյան և արևմտյան կողմերից:
Նրան շատ մոտ մի փոքրիկ մատուռի ավերակներ կան, որը 5-6 դարի կառույց է եղել:
Հատակագծի ձևերը և համաչափությունները բնորոշ են այդ տիպի վաղ միջնադարի կառույցներին, որը ենթադրել է տալիս, թե Սբ. Շողակաթ եկեղեցին կառուցվել է VI-VIIդդ. շինության հիմքերի վրա։ Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նման։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։
Սբ. Շողակաթ եկեղեցուց հարավ-արևմուտք պեղումներով բացվել են բազմաստիճան որմնախարիսխի վրա բարձրացող, սրբատաշ տուֆից կառուցված միանավ եկեղեցու (IVդ.) ավերակները։ Հարավային պատին արտաքինից կից է փոքր կիսաշրջանաձև մի աբսիդ, որով հավանաբար ավարտվել է սյունասրահը։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հարավից։ Որմնասյուների և բեմի կիսաշրջանաձև աբսիդի անկյունների խարիսխների տրամատները բնորոշ են IV-Vդդ.:

Քարտեզ